Եղեգնուհին 5-րդ հատված

5
Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։
Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։
Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ
չէր դիպած։
― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։
Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում
այս ամենը։ Թագավորի որդին ասաց.
― Ես պիտի տեսնեմ նրան։
Պառավն ասաց.
― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։
Տղան ասաց.
― Շատ լավ, բայց չուշացնես։
Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.
― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր
նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն
կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։
Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու
մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։
Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս
հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․
թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր
հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան
թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.
― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս
սատանայի երեսը տեսնել։
Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր
Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած
ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու
նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում
մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած
մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու
փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.
― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին
մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես
ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։
Աղջիկն ասաց.
― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր
աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։
― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։
Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու
մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.
― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս
վազան չոր ճյուղը դալարի։
Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց.
«Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան
ամուսնացնել՝ նա ասաց.
― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։
Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց.
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
Կաքավը պատասխանեց.
― Այդպե՛ս, տիրուհի։
Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց.
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։
Աղջիկը շարունակեց.
«Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի
ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և
ընկղմվեց գետի մեջ»։
― Այդպես չէ՞, կաքա՛վ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա
իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել,
տուն է ուզում գնալ։
― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։
Աղջիկը շարունակեց.
«Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց.
― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։
Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ
էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը,
խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան
թագավորին հարսնացու»։
― Այդպես չէ՞, կաքավ։
― Այդպե՛ս, տիրուհի։
― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։
― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը
բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։
― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և
լավ պահպանեցեք մինչև մեր գալը։
Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը
կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք
արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ,
բարին այստեղ։

 

5-րդ հատված՝

1․Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

ղարաչի-գնչու

ընկղմվել- սուզվել, մխրճվել

2․ Հատվածից դուրս գրիր Եղեգնուհուն նկարագրող հատվածները։

Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ
խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝
կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր
փռվում։

3․ Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ։

Ինչպե՞ս գտավ թագավորի տղան Եղենուհուն։

Ինչպե՞ս վարվեց թագավորը բոշա աղջկա հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով